Շակիրան ներկայացրել է 2026թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության երգը

Կոլումբացի փոփաստղը ներկայացրել է 2026 թվականի Աշխարհի առաջնության պաշտոնական երգը՝ «Dai Dai»-ն։ 49-ամյա երգչուհին, ով աշխարհին հայտնի է «Whenever, Wherever» և «Hips Don’t Lie» հիթերով, նոր երգի անոնսը հրապարակել է Instagram-ում՝ Բրազիլիայի լեգենդար «Maracanã» («Մարականա») մարզադաշտից։ Մեկ րոպեանոց տեսանյութում հնչում են երգի առաջին հատվածները, իսկ ամբողջական տարբերակը կհրապարակվի մայիսի 14-ին։

Նոր երգում Շակիրային միացել է նաև նիգերիացի աստղ Burna Boy-ը։ Երգը կդառնա այս ամառ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվող Աշխարհի առաջնության գլխավոր երաժշտական խորհրդանիշը։ Սա Շակիրայի՝ Աշխարհի առաջնության երկրորդ պաշտոնական օրհներգն է։ 2010 թվականին նա ներկայացրել էր լեգենդար «Waka Waka (This Time for Africa)» երգը, որը մինչ օրս համարվում է ֆուտբոլային ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ 2014-ի առաջնության համար էլ նա կատարել էր «La La La (Brazil 2014)» երգը և ելույթ ունեցել Ռիո դե Ժանեյրոյում՝ եզրափակիչ արարողության ժամանակ։

Հետաքրքիր է, որ Շակիրան ֆուտբոլային աշխարհի հետ կապվել էր դեռ 2006 թվականին, երբ Գերմանիայում կայացած առաջնության փակման արարողությանը կատարել էր «Hips Don’t Lie»-ը։ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը և պատմության մեջ առաջին անգամ կմիավորի 48 հավաքական։ Մրցաշարին կմասնակցի նաև Կոլումբիայի հավաքականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ