![]()
Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը սատկել են։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ին պատկանող տուֆ քարի հանքը սնուցող 10 000 վոլտ հոսանքալարի էլեկտրասյան մոտով անցնելիս է եղել նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վանիկ Գ.-ն, ով զբաղվում է անասնապահությամբ և գյուղի նախիրը արածեցնելով հասել է Կաքավաձոր գյուղ, նշված հատվածում նկատել է, որ գետնին առկա է էլեկտրաէներգիայի մալուխ։ Իջել է ձիուց և սկսել հսկել խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։ Կարճ ժամանակ անց նկատել է, որ ձին և գառներից մեկը հոսանքահարվել և սատկել են։
![]()