![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունը այժմ ամենաբարձր մակարդակի վրա է։ Նրա խոսքով՝ երկիրը զարգանում է ոչ այնքան պետական բյուջեի, որքան դրսից, հատկապես՝ Ռուսաստանից եկող փոխանցումների հաշվին։ «Եթե ձեզ թվում է՝ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանը ապրում ու զարգանում, դուք չարաչար սխալվում եք, դա կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ, ամբողջությամբ կախված է դրսի փոխանցումների հետ։ Գալիս են բյուջեին համարժեք գումարներ նույն Ռուսաստանից (ընդգծումը՝ Factor.am-ի)։ Դրա համար կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ՝ չեմ կարող հասցնել։ Բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը»,- այսպիսի պնդում է անում Կարապետյանը։ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ: Այդ ժամանակվա փոխարժեքով հաշվարկելիս (399,59) դա համարժեք է 7,2 մլրդ դոլարի։ 2025 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) արտերկրից մուտք եղած ներհոսքը կազմել է 5 մլրդ 979 մլն դոլար, արտահոսքը՝ 4 մլրդ 340 մլն դոլար, այսինքն՝ զուտ ներհոսքը՝ այն, ինչ, մնացել է Հայաստանում, կազմել է 1 մլրդ 639 մլն դոլար։ Այս գումարի մեջ ոչ առևտրային զուտ ներհոսքը 714 մլն դոլար է։ Վիճակագրությունն ամփոփել է Կենտրոնական բանկը։

Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 3 մլրդ 878 մլն դոլար, հակառակը՝ Հայաստանից Ռուսաստան՝ 749 մլն դոլար, զուտ ներհոսքը մնացել է 3 մլրդ 128 մլն դոլար։ Զուտ ներհոսքից ոչ առևտրային մասնաբաժինը կազմել է 415 մլն դոլար։ Ուշագրավ է, որ 2025-ին Ռուսաստանից զուտ ներհոսքի ծավալը գրեթե կրկնակի գերազանցել է բոլոր երկրներից Հայաստան զուտ ներհոսքին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների մեծ մասը արտահոսել է այլ երկրներ և չի մնացել Հայաստանում։

Այսպիսով՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան երկու անգամ գերազանցում են Ռուսաստանից փոխանցվող գումարները։ Ստացվում է՝ Սամվել Կարապետյանի պնդումը, թե Ռուսաստանից ստացվող փոխանցումները համարժեք են Հայաստանի պետական բյուջեին, ճիշտ չեն, և չեն հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։
![]()