![]()
Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու Կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար։ Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները: Եվ, իհարկե, մինչ այս պահը մեր իրավապահ մարմինները ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք 2021 թվականին, պատկերացրեք՝ այդ պայմաններում, կարողացել ենք միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնել:
Բնակաբանար, հիմա առավել վստահ ենք, որ ի վիճակի ենք դա անել և անպայման կանենք դա: Եվ քարոզարշավի ընթացքի օրինական ապահովումը նույնպես շատ կարևոր է, մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով: Բնականաբար, Հայաստանում վաղուց արդեն փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված պրոբլեմները. այդպիսի պրոբլեմ ինձ հայտնի չէ ընդհանրապես։ Եթե որևէ մեկին հայտնի է, թող ասեն, բնականաբար, այդ խնդիրները կլուծվեն, բայց ես բացառում եմ, որ որևէ միտումով որևէ դահլիճի սահմանափակում լինի։ Ընտրությունների մասին չէ. նախորդող ամբողջ շրջանում էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը ամենասուր իրավիճակներում դահլիճների և այլնի սահմանափակում չեն ունեցել։
Ես կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան, որ մենք խորհրդարանական ընտրություններն իրականացնենք պատշաճ մակարդակով՝ համապատասխան ժողովրդավարության բոլոր կանոններին և ստանդարտներին՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների կամքի ազատ արձանագրումը և այդ կամքի արտահայտումը և, իհարկե, մտքերի, գաղափարների, ծրագրերի մրցակցությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»,- նշեց վարչապետը։
![]()