![]()
Երկու թեմայի եմ ուզում անդրադառնալ. խոսքը Երևանի և Գյումրիի ճանապարհների մասին է: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 7-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր եզրակացությունն այն է, որ այն դեպքերում, երբ քաղաքային իշխանություններն ինչ-ինչ պատճառներով որոշում են մեկուսացած աշխատել, կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են:
«Դրա հետևանքները երևացին Երևանում, իսկ Գյումրիում էլ ահավոր ձևի են երևում: Այն օրն ահավոր տեսարան էր: Երբ Գյումրիի Անի թաղամասում փոսերի միջով երթևեկում ես, հենց որտեղ դրված է Գյումրիի ցուցանակը, ցուցանակից 3 սմ այն կողմ սկսվում է գերազանց ճանապարհ, այսինքն՝ Գյումրիից դուրս եկար, սկսվում է գերազանց ճանապարհ: Այս ամենն ինչի՞ հետևանքն է: Որ քաղաքային իշխանությունները երկար ժամանակ, այսինքն՝ ինչ-ինչ նկատառումներով չեն համագործակցել: Ի՞նչ են մտածել՝ չգիտեմ: Նույն էլ Երևանում է:
Հիմա ինչի՞ համար եմ ասում: Այս տարվանից մենք մեր 500 կմ ճանապարհների տրամաբանության մեջ Երևանի համար պետք է 50 կմ ճանապարհ նախատեսենք»,- ասաց նա:
Վերադառնալով Գյումրիում ճանապարհների նորոգման թեմային՝ Փաշինյանը հիշեցրեց, որ այժմ Անի թաղամասի համար ծրագիր է իրականացվում, և որ այդ մասով էլ պետք է առաջարկ ներկայացվի:
«Առաջարկ ներկայացրեք, որովհետև մենք չեք կարող ուղղակի պոստ ֆակտում գնանք, հետո նման իրավիճակ արձանագրենք: Պիտի լուծումը գտնեք, որ հետագայում Գյումրիում էլ ներդրումներ անենք, որ նման իրավիճակ չլինի»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին:
Նախարարը տեղեկացրեց՝ վարչապետի հանձնարարությամբ նախորդ տարի սկսվել են Շիրակացու փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Ջրագծի հետ կապված՝ որոշակի հարցեր կան, այժմ այդ ուղղությամբ են աշխատում, բայց այս տարի նախատեսվում է ավարտել փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Նաև Գյումրիի Խորենացու փողոցի ասֆալտապատման աշխատանքներն են մեկնարկելու:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ Անի և Ավստրիական թաղամասերի, ինչպես նաև Խորենացու փողոցի նախագծման գործընթացն արդեն սկսվել է:
«Մենք շուտով նախագիծը կունենանք, ու Կառավարության միջոցներով, ՎԶԵԲ-ի ծրագրերով կկարողանանք նաև ասֆալտապատման աշխատանքներն սկսել, որը միայն փողոցները չի ներառում, այլև մայթերը, լուսավորությունը. ամբողջ մեծ թաղամասը հիմնանորոգվելու է»,- ասաց մարզպետը:
Այս համատեքստում անդրադառնալով Գյումրիի շատրվաններին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գյումրիի շատրվանները շատ գեղեցիկ շատրվաններ են ստացվել, և Ֆրանսիայի նախագահի այցի առիթով աշխատել է: Բայց, պարո՛ն Առուշանյան, երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալու անհրաժեշտություն կա:
Ծիծաղում ենք, բայց հարցը լուրջ է: Խնդրում եմ՝ ապահովեն բոլոր այն մարմինները, որոնք կարող են այդտեղ ներգրավվածություն ունենալ: Պետք է ուշադիր լինենք, որ ծիծաղելի իրավիճակում չհայտնվենք: Տասնյակ միլիոնը (չգիտեմ շատրվանի արժեքը) դրա համար չենք ծախսել, որ երկիրը ծիծաղելի իրավիճակում հայտնվի»:
![]()