![]()
Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ ՌԴ-ից եկողները այս նույն ժամանակահատվածում՝ հունվար-ապրիլ, եղել են 52 տոկոսը, ապա հիմա՝ 36։ Եթե 2024-ին 42 էր, հիմա՝ 36։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճ էլ կա։ «Տեսակարար կշիռը նվազում է, բայց բացարձակ թիվը՝ ավելանում։ Մենք բոլոր երկրներից եկող զբոսաշրջիկներին մեծ ուրախությամբ սպասում ենք»,- ասաց վարչապետը։
«Անցած տարի էլ ենք ՌԴ-ի դեպքում ունեցել 36 տոկոս, բայց եթե անցած տարի 183700 է եղել թիվը, այս տարի արդեն 245178 է։ Այսինքն՝ նույն 36 տոկոսն ենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերն ավելացել են»,- նշեց նախարարը։
Վարչապետը նշեց, որ իր՝ մասնավորապես Ինստագրամի, Տիկտոկի հետևորդ ռուսաստանցիները մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան:
«Փաստորեն իրականացնում են իրենց խոստումը, ինչի համար, իհարկե, շնորհակալ եմ»,- ասաց Փաշինյանը։
Պապոյանը նշել է, որ ավելացել է ոչ միայն ՌԴ-ից եկող, այլև Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից եկող զբոսաշրջիկների թիվը, այսինքն՝ աշխարհագրությունն ավելի լայն է, ավելացել է։
«Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Վրաստանից զբոսաշրջիկների թվի աճ կա։ Շատ ուրախալի է, և հույս ունեմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին կգերազանցենք։ Այս թվերը նշանակում են, որ այս պահին մենք զբոսաշրջային բում ունենք, և երկրորդ՝ այդ բումը շարունակվելու և աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները: Դա շատ լավ լուր է, և հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները՝ հարգելի գործարարները, այդ թվում՝ մարզերի, շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են, և գործարարներն իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենք իրենց արդար մասնաբաժինը ստանան։
«Վրաստանի դեպքում համեմատության համար ասեմ. 2019-ին՝ շուրջ 69000, անցած տարի՝ շուրջ 76000, այս տարի արդեն՝ ավելի քան 93000»,- նշեց Գևորգ Պապոյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ զբոսաշրջիկների այցելություններն ակնհայտ երևում են մեր մշակութային հուշարձաններ այցելություններով։ «Մայիսի այս սկզբի օրերին, ապրիլի վերջին, ըստ էության, չհաշված կազմակերպված տուրերը, որոնք զբոսաշրջային ընկերությունները առանձին փաթեթով տոմսեր են գնում, անհատական տոմսերով մենք, օրինակ, Գառնիում ունեցել ենք 2-3 հազար այցելություն, և քանի որ հիմա էլեկտրոնային տոմսային համակարգ է գործում, մենք կարողանում ենք ամենօրյա ռեժիմով հետևել, և կարող եմ փաստել, որ իսկապես այս այցելությունների մակարդակն էապես բարձրացել է, և դա մեր մշակութային վայրեր այցելություններով հստակ արտացոլվում է»,- ասաց նախարարը:
![]()