![]()
«Պարոն Մինասյանը կոչ է անում մեզ դիտարկել այն վարկածը, ըստ որի՝ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը»:
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով պատգամավորի հայտարարությանը:
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել էն վարկածը, ըստ որի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տվել է անսահմանափակ իշխանություն, որովհետև եկեք համաձայնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և այդպես շարունակ դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ:
Շատ լավ, եկեք դիտարկենք այդ տարբերակը: Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին «անգլիական թագուհուց» վերածել է բռնապետի, որը հետագայում, 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում էնպես արեց, կամ նրա հրամանների հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 մարդ սպանվեց»,- ասել է Ռուբինյանը:
Դիմելով «Մարտի 1»-ի բացահայտման մասին խոսող ընդդիմադիր գործընկերներին՝ Ռուբինյանը հարց է հնչեցրել՝ ով է սպանել այդ 10 հոգուն:
«Անուշ Քլոյանը նստած է դահլիճում, ո՞վ է սպանել Գոռ Քլոյանին: Թուրք-ադրբեջանական տանդեմն է եկել Երևանի կենտրոնում սպանե՞լ, այլմոլորակայիննե՞րն են սպանել, բոլշևիկնե՞րն են սպանել»,- հարցրել է ԱԺ նախագահի տեղակալը:
![]()