Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում վստահեցրել էր՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։ Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչո՞ւ մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազն ասել է՝ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։ «Գնում ենք խիստ խափանման միջոցի»,- ընդգծել էր նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ