Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել

Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած, վթարից առաջ վարելու իրավունքից զրկված 19-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատախազը մայիսի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Երիտասարդի նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի:

Ապրիլի 23-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, շղթայական ավտովթարի պատճառ դարձած «Մերսեդես»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել է դրա իրավունքը չունենալով, այն եղել է կասեցված:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, ապրիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած Jaguar մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Տոյոտա» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էր Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Պարզվել էր, որ հիվանդանոց էին տեղափոխվել «Մերսեդես»-ի վարորդ, Երևանի բնակիչ 19-ամյա Վ. Մարկոսյանը, վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ 25-ամյա Է. Սահակովը, Jaguar-ի ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Ս. Միլիտոնյանը և թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Ա. Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ