![]()
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, թեև ստորագրված չէ, սակայն երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իսկ հաստատված է։
Արարատ Միրզոյանն այս մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկման ժամանակ։
«Մենք արդեն իսկ ունենք իրական խաղաղություն։ Ադրբեջանի հետ սահմանին դժբախտ դեպքեր չունենք, մեկ տարուց ավելի է, ինչ սահմանին կրակողների հետևանքով զոհեր չունենք։ Ավելին՝ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Սա արդեն իսկ խաղաղության ուղղությամբ մեծ քայլ է։ Մենք Ադրբեջանի հետ նաև երկկողմ առևտուր ենք սկսել, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև որոշ ապրանքներ կվաճառենք ադրբեջանական ընկերություններին։ Սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, և երկու ժողովուրդներն էլ դեռ իրական հաշտեցման կարիք ունեն։ Կան չլուծված հարցեր, մասնավորապես, հումանիտար կարգի. պահվող անձինք ունենք։ Բայց ուղին շատ լավատեսական է»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։
![]()