![]()
Շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը: Իր ասածը հետևյալն էր, որ եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է: Վարչապետի ասածն այս տրամաբանության մեջ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 6-ի նիստին ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ընտրություններին չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կսկսվի:
Պատգամավորը հետաքրքրվել էր՝ այս հայտարարությունն Արտաքին հետախուզության ծառայության տվյալների հիման վրա՞ է արվել, և կամ ծառայությունը փորձե՞լ է հայտարարությունը ճշտելու համար օպերատիվ տվյալներ ստանալ:
«Մենք անդադար բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող, գնահատված ռիսկերը՝ հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա, զեկուցում ենք՝ ըստ սահմանված կարգի»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը:
Պատգամավորը եզրակացրեց՝ Արտաքին հետախուզության ծառայությունը նման տվյալ չունի, դա ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարությունն էր. «Մենք սովոր ենք, որ հայտարարությունն արվում է այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, և դա որևէ տրամաբանական հիմք չունի»:
Քրիստիննե Գրիգորյանն արձագանքեց. «Ձեր լոգիկայի պայմաններում կարող ենք նաև շատ բան փաստել ձեր ասածից, ինչն այդպես չէ օբյեկտիվ իրականության մեջ»:
Թեմայի շրջանակում նիստը վարողի իրավունքով դիտարկում արեց նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. ««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29743 կմ քառակուսիով, նրանք հայտարարում են, որ սահմանազատման հիմքն Ադրբեջանի հետ չպետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը, և պետք է լինեն այլ սկզբունքներ, մասնավորապես նրանցից մի քանիսը մատնանշում են էթնոգրաֆիական սկզբունքը կամ այլ սարեր-ձորերի սկզբունքներ: Նրանք նաև հայտարարում են, որ ուղիղ չեն հայտարարում, որ առնվազն խաղաղության պայմանագիրը ստորագրելու են:
Հարցս հետևյալն է, եթե տեսականորեն «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկներն առ այն, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 29743 կմ քառակուսիով կամ պետք է վերաբանակցի խաղաղության պայմանագիրը և այսպես շարունակ, եթե այս ուժը գա իշխանության և անի այն, ինչ պետք է անի, այս իմ նշածներն ընդունի որպես ՀՀ քաղաքականություն, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա՞, կփոքրանա՞, թե՞ կմնա նույնը»:
Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց. «Ձեր կողմից վկայակոչված հայտարարություններն ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ հարձակման սպառնալիքներով»:
Ռուբինյանը ճշտեց՝ եթե «Հայաստան» դաշինքը տեսականորեն կամ «Հայաստան» դաշինքին նման կամ նրա հետ դաշնակցող մեկ այլ ուժ գա իշխանության և որդեգրի այն, ինչ նրանք ասում են, պատերազմի հավանականությունը կմեծանա՞, կփոքրանա՞, թե կմնա նույնը: Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց՝ կմեծանա:
![]()