«Armenians in America 250»․ Միացյալ Նահանգների տարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրման և ԱՄՆ 250-ամյակի առթիվ հանդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել

 

Միացյալ Նահանգների ամենատարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրումի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Սպիտակ տնից, Ազգային անվտանգության խորհրդից, Պետական դեպարտամենտից, Առևտրի, Էներգետիկայի և Պատերազմի քարտուղարություններից, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև տարբեր նահանգներից հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Միջոցառումը մեկն է այն նախաձեռնություններից, որոնք հայկական կողմը՝ Սպիտակ տան Հանրային կապերի գրասենյակի խրախուսմամբ և աջակցությամբ, իրականացնում է USA250 տոնակատարությունների շրջանակում։

Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ անկախության 250-ամյակի պետական միջոցառումների պատասխանատու ընկերության՝ Freedom250-ի գործադիր տնօրեն Քիթ Քրաքը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։

 

Միջոցառումը մեկնարկել է երկու երկրների պետական օրհներգներով՝ Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Շնորհալի կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ։ Բացման աղոթքը մատուցել է Տ. Ընծակ ավագ քահանա Նալբանդյանը, որն այնուհետև ներկայացրել է ողջույնի խոսքը՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևվմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ՝ Գերշ. Տ. Հովնան Արք. Տէրտէրյանի և Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամյանի անունից։ Միջոցառումը վարել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Հայկ Արիյանը:

 

Հանդիսավոր ընդունելության շրջանակում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հիշատակին նվիրված ՀԲԸՄ-ի «Our Boys» գրքի վերահրատարակված տարբերակի ներկայացումը՝ ՀԲԸՄ փոխնախագահ Արդա Հարաթունյանի կողմից։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է1951 թվականին ու փաստագրում է ամերիկահայերի ծառայությունն ու ներդրումը պատերազմի տարիներին։

Վերահրատարակված գրքի առաջին օրինակները նվիրվել են Սպիտակ տան Ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Ջեքսոն Քրոյին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերին, որը վերահսկում է Ռուսաստանի, Կովկասի և Եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերը։

 

ԱՄՆ տարբեր ոլորտներում հայերի նշանակալի ներդրման պատմությունները ներկայացվել է հայաստանյան արտադրության Ռոբին ռոբոտի կողմից, որը ներկայումս ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ի ավելի քան 40 հիվանդանոցներում և խնամքի հաստատություններում։

Երեկոյի շրջանակում «Marta and Folk Orchestra»-ի կողմից հնչել են հայկական ժողովրդական և ավանդական ստեղծագործություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ