![]()
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Կարգավորման առարկան և հիմնական նպատակը վերամշակող արդյունաբերության կարևոր երկու ճյուղերի` ոսկեգործության և թանկարժեք մետաղների հիմնականում ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել. Կառավարությունը կատարել է խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում ու Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նա հիշեցրել է, որ փաթեթով առաջարկվում է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներից մեկը կատարել, որի նպատակը հարկ վճարողների` լսված լինելու իրավունքի հնարավորությունների ընդլայնումն է, հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը և երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը:
Օրենքների նախագծերի փաթեթը լրամշակվել է պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով:
Առաջարկվել է սահմանել, որ կարելի է թեմատիկ ուսումնասիրություն իրականացնել տարեկան երեք անգամ, միաժամանակ սահմանվել է, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում 2-րդ և 3-րդ անգամ թեմատիկ ուսումնասիորություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա: Նշված դեպքերում այդ լիազորությունը չի կարող փոխանցվել որևէ այլ ստորաբաժանման ղեկավարի: Նախատեսվել է նաև, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում 3-րդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ տարում լրանում է ուսումնասիրության կամ տվյալ բացահայտված խնդրի վաղեմության ժամկետը, որը տվյալ դեպքում՝ 3 տարին է:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություն առաջարկող օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են առաջարկներ, որոնց մի մասը ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը: Մասնավորապես, պատգամավորն առաջարկել է լուծել կիսակառույց շինությունների օտարման դեպքում առաջացած ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման խնդիրը: Առաջարկվել է ԱԱՀ-ով և շահութահարկի հաշվարկման նպատակով չկիրառել կադաստրային արժեքի 80 տոկոսի կանոնն այն դեպքերում, երբ շինարարության թույլտվության ժամկետն ավարտված է կամ երկարաձգված:
Զեկուցողը տեղեկացրել է, որ նաև ներդրվել է անցումային մեխանիզմ այն հարկ վճարողների համար, որոնք ժամանակին չեն ներկայացրել ԱԱՀ վճարող հաշվառելու հայտարարություն: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ, մասնավորապես, խոսքը վերաբերում է շուրջ 600 կազմակերպությունների, որոնք այդ հայտարարությունը ժամանակին չներկայացնելու պատճառով 1.3 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություններ են գեներացրել: Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում 2022-2025 թվականների համար մինչև 2026 թվականի վերջը ներկայացնել համապատասխան դիմումներ:
Էդուարդ Հակոբյանը մանրամասնել է նաև մյուս առաջարկները:
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քննարկման է ներկայացրել իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
«Գնումների մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Փաթեթով առաջարկվում է գնումների համակարգը փոփոխել և սահմանել ազդեցության 3 լրացուցիչ մակարդակ ու սահմանափակումներ կիրառել այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ մինչև երկրորդ ընթերցում կատարվել է մեկ տեխնիկական շտկում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունմամբ օրենքում նախատեսվում է տարանջատել «բժշկական կազմակերպություն» և «առողջապահական կազմակերպություն» հասկացությունները:
Վերանայվել են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը լիազոր մարմնին և նրանց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնին:
Օրենքների նախագծերը քննարկվել են ԱԺ-ի՝ մայիսի 5-ի հերթական նիստում:
![]()