![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ սա իսկապես կարևոր ժամանակաշրջան է մեզ համար. Հայաստանը դարձավ համաեվրոպական քննարկման կենտրոն:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Երևանում անցկացված ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին և մյուս միջոցառումներին:
«Այս տեսակ համագործակցության պտուղները մենք տեսնում ենք և տեսնելու ենք: Սրանք պատմական իրադարձություններ են: Մեզ ասում էին, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելը միֆ է: Սա ցույց է տալիս, որ մեր բալանսավորման քաղաքականությունը իրականություն է: Հայաստանը դիրքավորվել է այնպես, որ ընկալելի է ժողովրդավար համայնքների համար»,- նկատում է նա:
Ըստ պատգամավորի՝ եվրոպական համայնքի ոչ մի գագաթնաժողով չի կարող սրել հայ-ռուսական հարաբերությունները. «Այդ հարաբերությունները կարող են սրել մարգարիտասիմոնյանների և մեդվեդևների նմանների հայտարարությունները, ինչպես նաև ռուսաստանյան իշխանությունների անտարբերությունը միջադեպերի նկատմամբ: Ճիշտ կանեն՝ ավելի զուսպ լինեն իրենց հայտարարություններն անելիս»:
Իշխող ուժի անդամը ևս մեկ անգամ շեշտում է՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու մասին լուրերը սուտ են․ դա հիբրիդային գրոհի մաս է:
«Սա մի նպատակ ունի՝ կոնֆլիկտը երկարացնել․ նման թեզերով սպասարկում են այլ պետության շահեր, և նման ուժերը ընտրություններին պետք է 0 քվե ստանան քաղաքացիներից: Սուտն ու կեղծիքը իրենց հիմնական գործիքն են: Մեր ինքնության դեմ են պայքարում»,- շեշտում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()