Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը. Մակրոն

Վերջին տարիներին Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել: Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը: Այդ մասին համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ, ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը, և կարելի է ասել՝ սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է: ԲՏԱՆ-ն հենց նոր ստորագրեց նաև պաշտպանակական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում»,- ասաց նա:

Մակրոնը հիշեցրեց, որ երկու երկրների միջև համագործակցություն կա նաև մշակութային, կրթական, գիտական, երիտասարդության և այլ ոլորտներում:

«Ուրախ եմ արձանագրել, որ այսօր ստորագրվեց երկու համաձայնագիր, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը Երևանի արվեստի և գրականության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ»,- ասաց նա:

Ռազմավարական գործընկերությունը համախմբում է նաև ՏԻՄ-ի և քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք, ըստ նախագահի, առանձնահատուկ դեր ունեն երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Մակրոնը տեղեկացրեց, որ Հայաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններից աջակցություն ստացող երկրների շարքում:

«Այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաև միտված է աջակցելու ձեզ այն կայուն խաղաղության ոլորտում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել: Մենք ցանկանում ենք և հաստատակամ ենք ձեզ ուղեկցել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ