![]()
Այսօր ԵՄ-ն ընդունեց հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել ՀՀ-ում, և սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն, և միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են ՀՀ այդ ներդրումներն իրականացնելու, և այդ ներդրումներն արդեն իսկ ընթացքի մեջ են:
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր օրինակը, կարծում եմ, շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիրը, առանց նոր հանքեր բացահայտելու, կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման և անվտանգության համար, որովհետև այստեղ շատ կարևոր է նաև անվտանգության գործոնը:
Այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք, և որի մասին ես խոսում եմ՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում անվտանգության հուսալի գործոն է: Սա էլ է շատ կարևոր, որովհետև ասել, որ ՀՀ-ով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը, նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը, որովհետև չի կարող այդ ճանապարհը անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով:
Հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք, ինչպես և ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան բաժանարար նշանակությամբ, մենք տեսնում ենք սահմանները այդ թվում միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրավազորությունը հարգելով այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև խաղաղությունը կենսական կլինի բոլորի համար, և խաղաղությունը կդառնա այն հիմնական երաշխիքը, որ ապահովում է, և այդպես էլ կա: Ներդրումներ. ապահովում է եկամուտներ, ապահովում է կայունություն, և խաղաղությունը դառնում է ինքնավերարտադրման գործիք, որովհետև խաղաղությունը միշտ լիցքավորվելու անհրաժեշտություն ունի: Եվ սա, ըստ էության, մի շրջագիծ է, երբ որ խաղաղությունը բերում է բարեկեցություն, բարեկեցությունը՝ խաղաղություն, խաղաղությունը՝ ավելի մեծ բարեկեցություն:
Ես ուրախ եմ արձանագրել, որ մենք գնում ենք այդ ճանապարհով. ոչ մի կասկած, որ մենք գնում ենք այդ ճանապարհով: Եվ դա հուսալի ճանապարհ է, և դա մի ճանապարհ է, որը մեզ օգնում է, որպեսզի մենք հուսահատ աշխարհագրական դիրքից տեղափոխվենք դեպի հուսալի աշխարհագրական դիրք, աննպաստ աշխարհագրական դիրքից շարժվենք դեպի նպաստավոր աշխարհագրական դիրք, և միջազգային ու տարածաշրջանային մեկուսացումից տեղափոխվենք դեպի միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիա և համագործակցություն: Եվ ես ուզում եմ հենց այս ուղերձով ավարտել իմ ելույթը և ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
![]()