![]()
«Այն փաստը, որ մենք կրկին այստեղ ենք, որ այս համաժողովը վերադարձել է, արդեն իսկ հզոր ուղերձ է: Համաժողովը կենսունակ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունի ասելիք, բովանդակություն: Հավատացած եմ՝ մենք ունենք ասելիք»։
Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ։
«Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո: Մենք խոսեցինք կողմնացույցների և քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին և ուղղության փոփոխությանը և հարց էինք տալիս՝ ինչպես է մեզնից յուրաքանչյուրը «նավարկում» այդ անորոշ միջավայրում:
Այսօր այդ «մառախուղը» մասամբ ցրվել է, բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ: Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային: Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատներին: Այսօրվա այս փոթորիկներին նայելով՝ ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը՝ աշխարհաքաղաքական փոթորիկ:
Միջազգային իրավունքը և գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են: Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, և ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին: Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտները բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում նրանց վճռին:
Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր Սառը պատերազմի ամենամութ սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհագստացնի բոլորին»,- նշել է Արարատ Միրզոյանը:
![]()