![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ հարցը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ։
«Նախ դա կքննարկեմ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Դրանից հետո ես կզանգահարեմ նախագահ Ալիևին, և մենք միասին կկազմակերպենք ճիշտ գործելաոճ՝ կամ անձամբ, կամ այդ հեռախոսազանգի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է նաև խաղաղ գործընթացի կարևորությունը։«Դուք կարող եք հույս դնել ինձ վրա, ես խորապես հավատում եմ այս խաղաղ գործընթացին»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին՝ Մակրոնը կարևորել է դրա անցկացումը Հայաստանում։
«Կարծում եմ, որ շատ կարևոր էր Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով 8-րդ հանդիպումն անցկացնել այստեղ՝ Երևանում»,- ասել է նա՝ հավելելով, որ այն ամրագրում է Հայաստանի անցած ամբողջ ճանապարհը վերջին տարիներին։
![]()