![]()
Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստացել զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ նախարարությունը ներկայացրել է առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։
Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ կա՞։
Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։
Ի՞նչ է անում Կառավարությունը։
Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։
Գների բարձրացման ռիսկ կա՞։
Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։
Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։
Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։
![]()