Խոստովանեց՝ իրենց իրական նպատակը Քոչարյան-Ծառուկյան տանդեմի հետ կոալիցիա կազմելն է․ Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ «300 հազար ադրբեջանցիներ» բերելու վերաբերյալ հայտարարություններին։

«Գիտե՞ք՝ ինչու էր ամիսներ շարունակ կալուգացի օլիգարխի փոխարեն խոսում արհեստական բանականությունը։ Որովհետև հենց ինքն է սկսում խոսել, իր «ուժեղ լինելու» մասին բոլոր առասպելները հօդս են ցնդում։

Նա վերջապես խոստովանեց այն, ինչի մասին մենք վաղուց բարձրաձայնում էինք՝ իրենց իրական նպատակը Քոչարյան-Ծառուկյան տանդեմի հետ կոալիցիա կազմելն է։ Բայց կա մի խնդիր. իրականությունից կտրված այս մարդիկ չեն հասկանում, որ նման հնարավորություն պարզապես չեն ունենալու։ Ժողովուրդը շատ լավ տեսնում ու հիշում է՝ ով ինչ է արել և ինչ արժեքների է դավանում։

Մենք՝ վարչապետն ու մեր թիմը, արդեն 5 տարի ամեն օր եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում, անմիջական կապի մեջ մեր քաղաքացիների հետ։
Դուք ձեր թիմով միայն մտածում եք՝ ում և ինչքան փող բաժանեք, որ քվե կորզեք։ Տեսնելով, որ սեփական խոստումներն այլևս չեն աշխատում՝ հիմա էլ անցել եք «300 հազար ադրբեջանցիների» մասին վախեր տարածելուն։ Սա նույն այն հեքիաթն է, որը ժամանակին հյուսում էին ձեր «քույր» ուժերը։

Հարգելի՛ քաղաքացիներ, ցավալի է, որ կառուցողական ծրագրեր և արժեքներ ունեցող ընդդիմության փոխարեն մենք գործ ունենք կոնկրետ երկրից կախվածություն ունեցող օլիգարխի և նրան կուրորեն հերոսացնողների հետ»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ