Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Փարիզի` Հայաստանի անվան էսպլանադում

Ապրիլի 24-ին Փարիզի`Հայաստանի անվան էսպլանադում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր պետական արարողություն։

Ինչպես հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը, ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդյե Բերժեն, Փարիզի 8֊րդ շրջանի քաղաքապետ Կատրին Լեկյույեն, «Միասին հանուն հանրապետության» դաշինքի նախագահ Գաբրիել Ատալը, ֆրանսահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ու համայնքային այլ գործիչները։

Հաջորդիվ, ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը, ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդյե Բերժեն և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոնների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր։

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ