Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։

«ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։ Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես եկան Հայաստանից ժամանած դուդուկահարներ` Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը», ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ