Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն չի եղել, իսկ երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն է սկսել, ԱՄՆ-ին խնդրել է՝ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև ասել է, թե սկսում են երկխոսություն և հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, ինչը ձախողել են:

Այս մասին պատգամավորն ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը Ցեղասպանության ուրացման քաղաքականություն է վարում:

«Մեր իշխանության օրոք ԱՄՆ-ն ճանաչեց Ցեղասպանությունը, և ՀՀ-ն սկսեց կարգավորման երբևէ ամենաարդյունավետ գործընթացը․ սա խանդ է առաջացրել նրանց մոտ»,- հավելում է նա:

Ըստ Ղազարյանի՝ տասնյակ երկրներ Թուրքիայի դեմ գործիքայնացրել են մեր ողբերգությունը. «Մենք չպետք է դառնանք գործիք տարածաշրջանի մեր հարևանների դեմ: Հայաստանն ի՞նչ է ստացել դրանից, որ 30 երկիր ճանաչել է Ցեղասպանությունը»:

Անդրադառնալով Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշը այրելու ՀՅԴ-ի նախաձեռնությանը՝ Ղազարյանը նկատում է. «Արկածախնդրություն են ուզում բերել Հայաստանի գլխին»:

Իշխող ուժի անդամը ընդգծում է՝ հունիսի 7-ի ընտրությունը լինելու է ընտրություն պատերազմի և խաղաղության միջև, և ընդդիմադիր ուժերը եթե այսպես շարունակեն, կարող է անցողիկ շեմը չհաղթահարեն, քանի որ քաղաքացիները զզվում են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ