![]()
Բանակում ինքնասպանությունների կամ ընդհանրապես ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կապված են կրթական համակարգի և երեխաների հոգեբանական դիմակայունության հետ։
Այս մասին ասաց վարչապետը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի և դրանց կանխման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ հարցին։
«Համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։ Ես նման դեպքերից հետո մի քանի անգամ աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ՝ ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետև երբ ես փորձում եմ խորանալ այս դեպքերի մեջ, ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետը նար տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական է տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել և տեսնել, թե արդյո՞ք կան ինչ-որ կրկնվող հատկանիշներ։
«Ենթադրենք X թվով ինքնասպանություն. կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները։ Վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, զինվորը գրել է, որ զորամասում խնդիր չկա, երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին, որն, ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն էր գործել, եկել, նամակ է գրել ու այդ արարքը թույլ է տվել։ Ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայության խնդիր է»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով դպրոցում հոգեբանական դիմակայություն ստեղծելուն՝ Փաշինյանը մատնանշեց, որ 15-20-30-40 հոգանոց դպրոցում այդ հոգեբանական դիմակայությունը ստեղծել հնարավոր չի լինի։
«Մենք երեխային 10 տարի պահում ենք 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրեն բաց ենք թողնում 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհ՝ ապրելու։ Դպրոցը պետք է նաև շփման միջավայր լինի, տարբեր իրադրություններ պետք է լինեն, հազար ներողություն, կոնֆլիկտային իրավիճակներ պետք է լինեն, որ անհատականությունը հղկվի։ Մենք նեղ, կղզիացած երեխաներին պահում ենք, հետո վախ ենք ստեղծում իրենց մեջ նաև այդ մեծ աշխարհ դուրս գալու։ Այս ամենը պետք է հաշվի առնենք»,-ասաց Փաշինյանը։
![]()