Կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ձեռնարկել միջոցառումներ՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ներկայացնենք համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գրանցված երեք դեպք։

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ջերմուկ տանող ճանապարհի հարակից աղբյուրի մոտ։ Նշված վայրում հայտնաբերվել են որսորդական ողորկափող և ինքնաշեն հրացաններ, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր։

Ոստիկանություն զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ ապօրինի պահվող զենք-զինամթերք էր թողել Արմավիրի մարզի Շահումյան գյուղում գտնվող մատուռի մոտ։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-103» և «ՏՕԶ» տեսակի երկու ինքնաձիգ, կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ, սվին-դանակ, 81 փամփուշտ և այլ պարագաներ։

Կամավոր հանձնման հաջորդ դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում։ Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից էլեկտրասյան մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։
Կրկին կոչ ենք անում կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ