Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր հարցազրույցներից մեկում արված ձևակերպմանը, որը վերաբերվում է ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտակաշառքի գործով ձերբակալվածների՝ արվող մեկնաբանություններին, որոնցում ընդգծվում է երեխային կրծքով կերակրող մայր լինելու հանգամանքը։

«Այսօրվա հարցազրույցումս, գուցե, այդքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ: Իսկ ասելիքս և պդնումս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ հանգամանք, որևէ առանձնահատկություն ինդուլգենցիա չէ օրենքով արգելված արարք, քրեորեն պատժելի արարք անպատիժ, անհետևանք գործելու համար, այդ թվում՝ ընտրական հանցագործություն: Կերակրող մայր, հերոսածին մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից:

Ժողովրդավարությունը մեծագույն արժեք է և պաշտպանվելու է ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կողմից: Ցանկացած հակաիրավական քայլ, ցանկացած փորձ խեղաթյուրելու ընտրական գործընթացները, անօրինական ազդեցություն ունենալու ընտրողների ազատ կամահայտնության վրա արժանանալու է կոշտագույն արձագանքի:

Միաժամանակ կրկնում եմ օրեր առաջ ասածս: Կնոջը, երիտասարդ կնոջը ապօրինության, հանցանքի դրդելը և վերջինիս մեջքի հետևում թաքնվելը ուժեղ տղամարդու արարք չէ: Վախկոտ տղամարդու արարք է:

Հ.Գ. Ով խոսի կանանց իրավունքներից, նորածին երեխային կրծքով կերակրելու շտապող գործընկերոջս ՝ Սոնա Ղազարյանի վրա հարձակված, Առողջապահության նախարար, պատերազմում եղբորը կորցրած Անահիտ Ավանեսյանին իր աշխատավայրում ասպատակած Քրիստինե Վարդանյանը թող խոսի տանձից ու խնձորից»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ