Խորհրդարանական ընտրությունը Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է. վարչապետ

Երրորդ օրն է, ինչ խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, և քննարկումը ծավալվեց ու դարձավ նախկին-ներկա բանավեճ: Ընդ որում՝ տեղի ունեցավ չնախատեսված հանգամանքների բերումով: Այս մասին իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ պատահական հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև, դե զեկույց է, ներկայացնում ես, մեկ էլ տեսնում ես էն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում ու դուրս են տալիս: Ասում եմ՝ էս ինչ հաշիվ է ժողովուրդ, էս ինչ հոսք է մարդկանց, չեմ տեսել տենց բան: Ես վեց տարի պատգամավոր եմ եղել, գուցե չեմ նկատել, բայց որ սենց հոսքեր լինեն…

Մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան: Էս մարդիկ մեզ ութ տարի է, ինչ շշի են շարում, թե պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են, թաքուն գրանցվում, գնում, որ ենթադրենք, մի քանի կոպեկ ավելի ստանան»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ իր ֆիքսելուց հետո ընդդիմությունը ստիպված էր գալ ու մասնակցել ելույթների փուլին, և ելույթների փուլին էլի հանգեցինք նախկին-ներկա բանավեճին:

Վարչապետը հիշեցրեց՝ ինքը ամբիոնից բազմիցս հայտարարել էր՝ պետք է դուրս գալ այդ բանավեճից:

«Բայց այդ բանավեճն ուրիշ մի շերտ բացահայտեց գոնե ինձ համար, որ մինչև այս այդ դիտանկյունից չէի նկատել: Որ էդքան ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, բայց այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց և նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցությունն է: Որովհետև այն, ինչ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026-ի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է, որի մեջ էր ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը: Դե հիմա Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը նախկինում ՊՈՒ էր, հիմա դարձել է «Ուժեղ Հայաստան»: Ընդ որում՝ հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստանը» նույն Հանրապետական կուսակցությունն է, ու բացահայտ հայտարարեցին նրանց աջակցելու մասին, բայց պատկերը ամբողջացրեց քայլերթի շտուրմանը»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ 2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է: Դրանով, ըստ նրա, ավելի է ընդգծվում նախկին-ներկա վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը:

«Այդ բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա միայն՝ դրա համար պետք է խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն: Դա ամեն օրվա հետ իրատեսական քաղաքական խնդիր է դառնում»,- հայտարարեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ