![]()
Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին մասնակից 3 ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակներին և այդ թիմերի վարչապետի թեկնածուներին՝ եզրակացնելով, թե «եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է»:
«Նայե՛ք այդ ուժերի երկրորդ համարներին, կալուգացու ուժի երկրորդ համարն Արամ Վարդևանյանն է, Ռոբերտ Քոչարյանի անձնական փաստաբանը, նրա դաշինքի անդամը, նախկին պատգամավոր:
Նայե՛ք Ծառուկյանի երկրորդ համարին, Անդրանիկ Թևանյանն է, Ռոբերտ Քոչարյանի նախկին պատգամավոր ու առհասարակ ուղնուծուծով քոչարյանական»,- ասել է Ալեքսանյանը:
Ըստ պատգամավորի՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը նայելիս մի բան է ակնհայտ դառնում, այն է՝ դա Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է:
«Ցուցակի հալալ կեսը հանրապետականներ են, մյուս կեսը քոչարյանականներ են, այն մի երեք հոգին էլ իրենց ընտանիքի անդամներն են, ու վերջ: Սրա մասին է ամբողջ խոսակցությունը»:
Եզրափակելով ելույթը՝ պատգամավորը դիմել է ՀՀ քաղաքացիներին. «ՀՀ-ն կա և լինելու է անկախ, ՀՀ-ն կա և լինելու է խաղաղ, իսկ պատերազմի եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը պարտվելու է հերթական անգամ»:
![]()