Ձայնը վաճառքի հանած հասարակությունը պետություն չի կառուցում

Կրկին նույն արատավոր սցենարը՝ ընտրակաշառք, ձայների գնում, մարդկանց արժանապատվության ոտնահարոգմ։ Սա արդեն պատահականություն չէ, այլ գիտակցված փորձ՝ վերադարձնելու այն համակարգը, որտեղ քաղաքացին ոչ թե որոշող է, այլ վաճառվող ռեսուրս։ Կան ուժեր, որոնք բացահայտորեն փորձում են հետ բերել անցյալը՝ վերածելով ընտրությունը պարզ առևտրի։

Ըտրակաշառքը պարզապես օրենքի խախտում չէ։ Այն ուղիղ հարված է պետության հիմքերին։ Երբ ձայնը դառնում է ապրանք, ընտրությունը դառնում է կեղծ, իսկ իշխանությունը՝ բիզնես նախագիծ։ Այդտեղ այլևս գաղափար չկա, ծրագիր չկա, պատասխանատվություն չկա։ Կա միայն հաշվարկ՝ որքան գումար, այնքան ձայն։

Ամենավտանգավորը նույնիսկ այն չէ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են գնել։ Ամենավտանգավորպ այն է, որ դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են վաճառել։ Որովհետև այդ պահին նրանք վաճառում են ոչ թե մեկ քվեաթերթիկ, այլ իրենց վաղվա օրը, իրենց երեխաների ապագան, իրենց երկրի ինքնիշխանությունը։

Այն ուժերը, որոնք այսօր կրկին խաղի մեջ են դնում ընտրակաշառքը, իրականում ընդունում են մեկ պարզ ճշմարտություն՝ իրենք չունեն հասարակության վստահություն։ Եվ դրա փոխարեն փորձում են գնել այն, ինչ չեն կարող վաստակել։ Սա քաղաքական սնանկության դրսևորում է։

Եթե մենք կրկին հանդուրժենք այս երևույթը, ապա չպետք է զարմանանք, որ վաղը նույն մարդիկ կվաճառեն մեր անվտանգությունը, մեր օրենքները, մեր պետությունը։ Որովհետև ով գնել է ձայնը, վաղը կվաճառի իշխանությունը։

Ընտրակաշառքը պարզապես հանցագործություն չէ։ Դա նվաստացում է՝ ուղղված յուրաքանչյուր քաղաքացուն։ Եվ այդ նվաստացման դեմ լռելը նշանակում է դառնալ դրա մասնակիցը։

Հարցը պարզ է՝ մենք պետություն ենք կառուցում, թե՞ շուկա, որտեղ ամեն ինչ ունի գին այդ թվում մարդկանց ձայնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ