Սա չլրագրության դասական օրինակ է. մարդկային կյանքերը խեղելով վարկանիշ հավաքողները լրագրող չեն. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով՝ լրագրողը փաստերի հետ է աշխատում, ոչ թե բամբասանքների, զերծ է մնում զրպարտությունից, ոչ թե դառնում դրա գործիքը։

«Սրանք պարզ իրողություններ են, որոնք, կարծում եմ, լրագրողները շատ լավ պիտի իմանան։ Բայց, ցավոք սրտի, վերջին շրջանում տեղի ունեցողը հակալրագրություն է և մարդկային կյանքերը ոչնչացնելու փորձ։

Փարաքարում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ վերջերս իրեն լրագրող հռչակած մեկը ակնհայտ ապատեղեկատվություն էր տարածել։ Ներկայացվում էր, թե իբրև իրավապահները հեռախոսային հաղորդագրությունները ստուգելուց «բացահայտել են» ինչ-որ բաներ։ Սա ակնհայտ սուտ է, որի տակ ո՛չ աղբյուր կա, ո՛չ փաստ, իսկ նպատակը հասարակության մեջ մարդկանց հոգեբանական ծանր դրության մեջ դնելն է։

Սա չլրագրության դասական օրինակ է, երբ առանց փաստի պարզապես մերկապարանոց հայտարարություններ են անում մարդկանց կյանքի մասին։ Երբ նման դեպքերից հետո մարդիկ պատասխանատվություն են պահանջում կամ դատական գործընթացներ են սկսում, այս չլրագրողները սկսում են խոսել «մամուլի ազատության» մասին։

Մարդկային կյանքերը խեղելով անձնական վարկանիշ հավաքողները լրագրող չեն։ Հուսամ՝ իրավապահները համապատասխան ընթացք կտան այս դեպքին, և նման ապատեղեկատվություն տարածողները կկրեն իրենց գործողությունների իրավական հետևանքները»,- գրել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մտահոգություն էր հայտնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել էր, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների ձեռքբերումն ու տարածումը ոչ միայն սահմանադրական, կոնվենցիոն ու օրենսդրական մի շարք կարգավորումների խախտում են, այլ նաև ոչ իրավաչափ միջամտություն են մարդու մի շարք հիմնարար իրավունքների և պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Նկատենք, որ Փարաքարի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանը պնդում է, որ մամուլում իր ընտանիքի հասցեին հերյուրանքներ են տարածվում:

«Լիա Սարգսյան անուն-ազգանունով իբր լրագրողը մամուլում անբարո հերյուրանք է տարածում, և ես պատրաստվում եմ դատի տալ՝ մեր ընտանիքի բարի համբավն ու արժանապատվությունը արատավորելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասել է Դավիթ Ախտոյանը:

Նկատենք՝ Ախտոյանի հիշատակած անձը գրել է, որ իրավապահները վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գ. Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ։

Մհեր և Դավիթ Ախտոյանները այս տարվա փետրվարին իրենց տան դիմաց սպանված Գրիգոր Օհանյանի ազգականներն են: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է և կալանավորվել է նույն համայնքի բնակիչ Գևորգ Հարությունյանը, նրան օժանդակելու համար մեղադրվում է և կալանավորվել է նույն համայնքի բնակիչ, Գրիգոր Օհանյանի հարազատ եղբայրը՝ Նարեկ Օհանյանը: Գրիգոր Օհանյանին սպանելու համար մեղադրվում է Մերձավանի բնակիչ Արմեն Ղազարյանը, որ կալանավորված է: Այս գործով անցնում է 14 անձ, այդ թվում՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը: Իրավապահները պնդում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան դեպքերի շարունակությունն է և եղել է վրեժխնդրության հողի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ