![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ:
Ըստ վարչապետի՝ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու, ինչպես նաև քննարկելու համար։
«Հանքարդյունաբերություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս իրողության մեջ էլ խնդիրներ կան»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում հատկապես ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։
Ըստ վարչապետի՝ երբ Հայաստանում շինարարության տեմպերն ակտիվացել են, իրենք զարմանքով արձանագրել են, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա այն դեպքում, երբ Հայաստանի մասին խոսելիս ամեն երրորդ նախադասության մեջ ասվում է «քարերի երկիր Հայաստանը»։
«Բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում Հայաստան։ Սա ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Հանքարդյունաբերության մեջ մետաղական հանքերի շահագործման 95 տոկոսը ավելացված արժեքի, կշռի մասով գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ ունենք, որովհետև դա առաջին հերթին մեր տնտեսության պոտենցիալն է, երկրորդը՝ մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում:
Հայաստանի 60 տոկոսը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ: Որոշել ենք, որ առաջիկայում Արթիկ համայնքի հետ այս բացը կլրացնենք։ Նախ սա բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է, նաև մեր խոսույթներն իրականության հետ համապատասխանեցնելու կարևոր ձև է։ Էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտում քարի ներկրումը շատ տարածված երևույթ է:
Ես չեմ ասում, որ Հայաստան քար չպետք է ներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, ես խոսում եմ այն մասին, որ այն, ինչ մենք ակնհայտորեն նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում»,- ասել է վարչապետը:
![]()