Երևանում բախվել են «Mercedes»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ