![]()
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում հստակ շարունակում է առաջ տանել այն գիծը, որ Հայաստանը նվիրված է և կշարունակի գնալ խաղաղության օրակարգով:
Այս համատեքստում նա կարևոր է համարում, որ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին հստակ անդրադառնում է:
«Վաշինգտոնյան փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» տերմին չկա, ու պետք է տեղը դնես: Ալիևը մտածում է, թե ժամանակը անցնի, այս թեզերը նորից կարող է բերել օրակարգ, բայց չի հաջողվի»,- ասում է Գրիգորյանը:
Հարցադրմանը՝ Ալիևն իսկապես ուզո՞ւմ է խաղաղություն, զրուցակիցը պատասխանում է. «Ավտորիտար ռեժիմները ունեն խաղի իրենց կանոնները. Ալիևը կյանքում կամավոր չի գնա խաղաղության: Հայաստանը կարողացավ այնպիսի քաղաքականություն վարել, որ Ալիևը ուզած-չուզած գնա: Նահանգների հետ կարևոր թղթեր ստորագրվեցին, քանի գլխանի է, որ հարձակվի»:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով են գործում՝ զրուցակիցը նկատում է. «Կարող է մեր ուզածով մենք փոխենք մեր Սահմանադրությունը, բայց ոչ Ադրբեջանի պահանջով»:
Միաժամանակ նա շեշտում է՝ չպետք է վախենալ, որ սահմանը բացվի, Թուրքիան Հայաստանին կուլ կտա:
Նա ողջունելի է համարում ՀՀ իշխանությունների վարած բազմավեկտոր քաղաքականությունը՝ անկախ դժվարություններից:
Գրիգորյանը նաև նկատում է, որ Ռուսաստանի խոսույթը Հայաստանի նկատմամբ լրջացել է. «Հասկացան, որ անիմաստ է մեզ խաբելը, պետք է անկեղծ լինեն»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի ընդդիմությունը գիտի ընդամենը երկու բառ՝ Պուտին և Ռուսաստան. որ երրորդ բառ էլ ասեն, ժողովուրդը գուցե լսի:
«Ընտրությունների ելքը հիմա է լուծվում, ոչ թե մայիսին: Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունը ևս դրանով է պայմանավորված»,- ասում է նա, միաժամանակ մտահոգություն հայտնում. «Չի բացառվում, որ պրոռուսական ուժերը Գյումրու ճանապարհով գնան»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()