Ողբերգությունը վերածում են քաղաքական կապիտալի՞. Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը իրենց «կոտորում» են

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, թե Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը:

Առաքելյանը գլխատառերով գրել է, թե «ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ԵՎ ԽՆԴՐՈՒՄ Է ՏԱՐԱԾԵԼ»:

Այս հայտարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է նաև նույն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Նկատենք՝ մի քանի օր է՝ համացանցում մարդիկ ասում են՝ Փարաքարի համայնքապետի սպանությունը Առաքելյանն ու Թանդիլյանը փորձում են քաղաքական կապիտալի վերածել:

Առաքելյանի տեղադրած հայտարարության մեջ ասվում է, թե Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։

Ամենայն հարգանքով մահացած Գրիգորյանի հիշատակի առջև, սակայն, ունեցե՞լ է նա որևէ մեկի հետ անձնական խնդիր, թե՞ ոչ, Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը ճիշտ կանեն՝ այդքան վստահ պնդում չանեն: Շատ հավանական է, որ Գրիգորյանը ունեցած լինի նման խնդիր, և նրանք դրա մասին իմացած չլինեն: Սակայն այստեղ հարցը դա չէ, հարցը նրանց արած մեկ այլ իրականությունից կտրված պնդումն է, այն է՝ Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը:

«Ապրելուերկիրականները» Գրիգորյանի եղբոր կալանավորմանը, ինչպես սպասելի էր, տալիս են ապօրինի որակումը և այն համարում ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում: Միաժամանակ հղում են անում ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ասելով, թե Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ։

Իսկ ինչ խուլիգանության մասին է խոսքը՝ Առաքելյանը և Թանդիլյանը, բնականաբար, բառ անգամ դրա մասին չեն գրել:

Նկատենք, որ ըստ իրավապահների պաշտոնական հաղորդագրությունների՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության, ծանրացնող հանգամանքներով ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 14 անձի, այդ թվում՝ Պայքար Գրիգորյանին:

2025 թվականի մայիսի 27-ին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանը մեղադրյալ Պայքար Լևոնի Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 10 միլիոն 500 հազար դրամի չափով և բացակայելու արգելքը:

Սրանից կարելի է ենթադրել, որ Առաքելյանի և Թանդիլյանի համար խուլիգանությունը, որը, ըստ իրավապահների, կատարվել է Մերձավանում փետրվարյան դեպքերի ժամանակ, նորմալ երևույթ է: Իսկ թե ինչպես են նրանք պնդում, որ Պայքար Գրիգորյանը առնչություն չունի այդ դեպքերի հետ, կարելի է միայն ենթադրել, որ «Ապրելու երկրի» ղեկը շարժողները ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն:

Ուշագրավ է նաև այն, որ Առաքելյանն ու Թանդիլյանը իրավապահներին խորհուրդ են տալիս և պահանջում զերծ մնալ տեղի ունեցածին գնահատականներ տալուց՝ այն թողնելով դատարանի իրավասությանը, սակայն միաժամանակ իրենք են գնահատական տալիս, թե վենդետայի վարկածը որևէ առնչություն չունի իրականության հետ, և Գրիգորյանի սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։

Նկատենք նաև, որ բազմաթիվ աղաղակող փաստեր կան Մերձավան համայնքում միջանձնային խնդիրների առկայության մասին, սակայն Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը կտրականապես բացառում են սա և «կոտորում» իրենց՝ հավանաբար տեղի ունեցածին քաղաքական երանգ հաղորդելու և սլաքներն իշխանության կողմը ուղղելու համար:

Թե ինչ էր տեղի ունեցել փետրվարին Մերձավան համայնքում, «Հայկական ժամանակ»-ը բազմաթիվ անդրադարձներ է կատարել դրան և հետևել գործի ընթացքին: Մենք նաև զրուցել էինք այդ միջադեպի ժամանակ զոհված Գրիգոր Օհանյանի եղբոր՝ Նարեկ Օհանյանի հետ, որը այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի և մեկ ոստիկանի սպանությանն օժանդակելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ