![]()
«Փարաքարում փետրվարին իրադարձություններ են տեղի ունեցել, զոհ է եղել, 14 մեղադրյալ կա հիմա այդ գործով, և դատավարությունն ընթանում է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին սպանություններին:
«Տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել և անհանգստացրել»,— ասաց վարչապետը։
Հարցին, թե արդյոք հետևություններ արվել են դեպքից, վարչապետն ասաց՝ տեսանելի է՝ պաշտոնանկություններ կան։
«Բայց մեղադրայլների մի մասն ընդհանրապես կալանքի տակ չէ, մի մասն էլ տնային կալանքի տակ է, մի հոգի է, որ կալանքի տակ է։ Մյուս կողմից էլ անընդհատ քննարկում ենք, թե մեր բանտերն ինչքանով պետք է ծանրաբեռնված լինեն։ Դեպքեր ունենք, երբ հանցագործություն են կատարում մարդիկ, որոնք այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Մեր ոստիկանությունն էլ, քննչական մարմիններն էլ այդ հարցը հաճախ բարձրացնում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ որ դեպքերում պետք է մարդկանց կալանքի տակ պահել, որ դեպքերում՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել։ «Բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետև մյուս կողմից ասում են՝ բռնապետություն է, այս իշխանությունը մարդկանցով է լցնում բանտերը, մյուս կողմից էլ ասում են՝ ամենաթողություն է, ազատության մեջ են։ Սրանք լուրջ դիլեմաներ են»,— հավելեց նա։
![]()