Միջնորդություն ներկայացվեց Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով. հայտնի է՝ երբ կհրապարակվի վճիռը

Ինչպես հայտնի է, առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

«Քննարկվող դեպքում մեղադրյալին մեղսագրվում է դիտավորությամբ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարում։ Ելնելով պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից՝ միջնորդում եմ Միքայել Աջապահյանին նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվարկելով նաև նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,-հայտարարեց նա։

Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30–ին:

Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ