Պետք է պատրաստ լինենք. Ադրբեջանը մտքի պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ. Արմինե Մարգարյան

Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, խաղաղության գործընթացի ևս մեկ փուլ է, սակայն չպետք է ակնկալել, որ սրանից հետո խոսույթները պետք է փոխվեն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը:

«Կարծում եմ՝ այժմ ՀՀ-ն և Ադրբեջանը մտնելու են նարատիվների պատերազմի մեկ այլ շատ ավելի գործուն դաշտ: Ադրբեջանը կփորձի իրեն ներկայացնել դրական և կառուցողական լույսի ներքո, իսկ ՀՀ-ին՝ որպես օկուպանտ: Մենք գործ ենք ունենալու հիբրիդային սպառնալիքների հետ: Պետք է պատրաստ լինենք: Պատերազմը տեղի է ունենալու մեր բոլորի մտքում»,- ասում է նա:

Մարգարյանի խոսքով՝ քիչ հավանական է, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ. պատերազմը լինելու է մտքի մարտադաշտում: Նա միաժամանակ կարևորում է, որ ռազմական ճանապարհով հարցը լուծելու խոսույթը Ալիևի մոտ այլևս գոյություն չունի. «Մեր և Ադրբեջանի համար խաղաղությունները տարբեր են, և դա նորմալ է: Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգի վրա»:

Զրուցակցի նկատառմամբ՝ ընդդիմության այն խոսույթը, թե արցախահայերը կարող են վերադառնալ Արցախ, իրականությանը բացարձակ չի համապատասխանում. «Մենք սրանով հնարավորություն ենք տալիս Ադրբեջանին, որ իր խոսույթն ավելի սաստկացնի»:

Վերջինս ասում է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ խաղաղության օրակարգը ինչ-որ պահի բերելու է նրան, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի:

«Թուրքիան այլևս չի ունենա որևէ լեգիտիմ հիմք՝ սահմանը փակ պահելու, սա էլ թուլացնելու է մեր կախվածությունը ՌԴ-ից»,- ասում է նա, ապա հավելում. «Ինչո՞ւ ենք մտածում, որ եթե մի բան լավ է Թուրքիայի համար, ապա վատ է մեզ համար, ինչպես նաև պետք է արմատախիլ արվի կեղծ խոսույթը, որ եթե ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն»:

Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի կշիռը փոխվել է. «Սա պայմանավորված է նրանով, որ դու կարողանում ես դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել: Սրանով մենք ավելի հետաքրքիր ենք դառնում: Սա ամենագործուն անվտանգային երաշխիքն է»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ