Ամո՛թ է, հերի՛ք է առանց հասկանալու պատվիրված տխմարություններ հնչեցնել. Ավանեսյան

Երբ պատվիրված հարց եք տալիս, լավ կլինի մանրամասներին ծանոթանաք, որ անհարմար բան չստացվի:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ իր վերաբերյալ հնչած լրագրողի հարցին:

«ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի ծառայությունների 1 սեանսի արժեքը` որպես հիմնադիր, սահմանել ենք այս պահին 40.000 դրամ, մինչև նոր չափորոշիչների համաձայն գնահատման գործընթացը կավարտվի, և պետությունը կփոխհատուցի նոր գներով:

Մինչ այդ մենք, առաջնորդվելով պացիենտների շահերով, ավելի քիչ գումար ենք գանձում քաղաքացիներից. վա՞տ ենք անում:

Բացատրեմ. այս բուժծառայությունից օգտվող երկու խումբ կա` սոցիալական որևէ խմբի պատկանող և սոցխումբ չունեցող:

Սոցիալական խմբի պատկանող մեր քաղաքացիներին այս ծառայությունը տրամադրվում է ամբողջովին պետական պատվերով, քաղաքացու համար ամբողջովին անվճար և իր համար կարևոր չէ, թե պետությունն ինչքան է փոխհատուցում:

Համավճարով սպասարկվող քաղաքացիների դեպքում, առաջնահերթ համարելով քաղաքացու շահը, նվազ գին ենք սահմանել (20 000 դրամ` 32 000-ի փոխարեն, ինչպես մյուս կենտրոնում):

Ամո՛թ է, հերի՛ք է առանց հասկանալու պատվիրված տխմարություններ հնչեցնել:

Եթե մի օր որոշենք սոցիալական որևէ խմբի որևէ բուժծառայություն տրամադրենք ակցիայի շրջանակում, ինչը նորմալ պրակտիկա է, ասելու եք` հասե՛ք, փրկե՛ք, վճարովի ծառայություններն անվճար են տրամադրվում. ստացվում է` նախարարը սուտ է ասել:

Մենք պետական ազգային բժշկական կենտրոն ենք, և այո՛, մեզ համար էականը շահույթի գեներացումը չէ, այլ պացիենտի`մեր քաղաքացու շահը, և անհասկանալի է, թե ինչո՞ւ եք նեղվել, որ ավելի լավ բան ենք անում, քան ասե՞լ էինք»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ