![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով «Գյումրու օր» տոնակատարության չեղարկմանը:
«Գյումրու տոնը որևէ մեկի անձնական կամ ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի։ Դժբախտությունների միջով անցած գյումրեցին պատասխանատու չէ, որ մի չկայացած կիսաքրեականի որդու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ու սահմանվել է տնային կալանք, կամ որ թեմի առաջնորդի խափանման միջոցը երկարաձգվել է, և նա կարող է մնալ անազատության մեջ։
Հուսով եմ, իշխող ուժը կդրսևորի բավարար կամք, որպեսզի գյումրեցիներին այս մղձավանջը «պարգևելուց» հետո գոնե չզրկի նրանց քաղաքի տոնին լիաթոք ուրախանալու հնարավորությունից»,- գրել է Բաբաջանյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստում Վարդան Ղուկասյանն առաջարկել էր հարցը հանել օրակարգից՝ այս կերպ չեղարկելով «Գյումրու օրը»:
Դրան հաջորդել էր Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ավագանու արտահերթ նիստ նախաձեռնելու հայտարարությունը:
![]()