Դաշնակցություն, բա որ նոյեմբերի 9-ը լավն էր, ինչու էիր ուզում սպանել Միրզոյանին, ջարդում էիր շենքերը. Բադալյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհների ապաշրջափակումը մեծ հնարավորություններ է ստեղծում անվտանգության և տնտեսական առումով:

Ըստ նրա՝ ամեն օր կարող ենք տեսնել, որ խաղաղությունը եկել է, և կա շոշափելի արդյունք՝ սահմանին զոհեր չեն լինում, սահմանամերձ գոտիներում մարդիկ ապրում են հանգիստ. «Սակայն շատ աշխատանք կա անելու»:

Բադալյանը միաժամանակ նկատում է՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում մի հատված երկրպագում է Ալիևին, քան թե սեփական երկրի իշխանությանը: Վերջինս նկատի ունի այն, որ հաճախ են հղում տալիս Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնում, որ հայ և թուրք բանագնացների՝ առաջիկայում ՀՀ-ում սպասվող հանդիպմանը հնարավոր է էական առաջընթաց գրանցվի. «Հույս ունեմ՝ երրորդ երկրների և դիվանագիտական անձանց համար կունենանք հայ-թուրքական բաց սահման, մնացածը քայլ առ քայլ կլինի»:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե պետք էր վերադառնալ նոյեմբերի 9-ի միջնորդությանը՝ զրուցակիցն ասում է. «Իսկապե՞ս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ուներ դրական կողմեր, բա էդ դեպքում ինչո՞ւ էր «Դաշնակցություն» կուսակցությունը կազմակերպել Արարատ Միրզոյանի սպանության փորձը, ներխուժել էին ԱԺ, Կառավարություն, կառավարական առանձնատուն և կազմակերպել էին ջարդուփշուրները, ընկած փնտրում էին իշխանության վերնախավին՝ գլխատելու համար, բա էդ ո՞նց եղավ, որ հիմա նոյեմբերի 9-ը լավն է: Օգտագործում են բոլոր միջոցները՝ ժողովրդի զգացմունքների հետ խաղալու համար»:

Մեկնաբանելով այն, թե ինչու են ՌԴ դեսպանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաճախ հանդիպում՝ Բադալյանը ընդգծում է. «Հայ հասարակությունը սրանից կարող է հասկանալ, թե ինչպիսի ստվերային խաղեր են գնում»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին, պատգամավորը նկատում է. «Շատ ավելի ազնիվ կլիներ, որ եթե զգում ես, որ քաղաքականությունը քեզ ավելի սրտամոտ է, քան հոգևոր կյանքը, ապա պետք է կատարես ընտրություն: Չի կարելի լինել հոգևոր առաջնորդ և զբաղվել քաղաքականությամբ: Հայ առաքելական եկեղեցին քաղաքականության հետ չի խաչվում: Ազնիվ եղեք ձեր Աստծո առաջ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ