![]()
Որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որ Հայաստանում օր առաջ փոխվի «իրեն դավաճանած ու Արևմուտքի՝ ԵՄ-ի գիրկը թռչող» իշխանությունը, ու տևական ժամանակ անդուլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ՝ հայտնի փաստ է։ Ավելին, այդ մասին ազդարարել է անթաքույց կերպով, իր հայտնի պրոպագանդիստների շուրթերով, ինչպես նաև անձամբ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այսպես ասած, «բարեխոսելով» Նիկոլ Փաշինյանին, որ պրոռուսական ուժերին թույլ տա մասնակցել ընտրական գործընթացներին։ Հայտնի փաստ է նաև, որ իր «իդեա ֆիքսին» հասնելու համար ՌԴ-ն գործի է դնում իր կողմից հովանավորվող պրոռուսական քաղաքական ուժերին, որոնց ցանկը վաղուց է հայտնի հանրությանը։ Օրերս էլ, ինչպես հայտնի է, այդ ցանկի ներկայացուցիչներից շատերը մեկտեղվել էին մի հարկի տակ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը, որտեղ էլ տեղի ունեցավ վերջիններիս՝ «13»-ի համագործակցության կնքումը։ Ակտ, որը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ առանց ռուսական «օրհնության» և, ենթադրում ենք, այդ երկրի կողմից իջեցված գործողությունների հստակ պլանի։ Հայտնի է, որ «13»-ի նպատակը իբրև թե նոր, իրենց ձևակերպմամբ՝ «ալիևյան Սահմանադրության» դեմ պայքարելն է, որը փաթեթավորվում է որպես «հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության» պայքար։
Ուշագրավ է, որ հենց ընդդիմադիր «ալյանսը» ձևավորվեց ու ժողով արեց՝ ՌԴ-ից միանգամից հնչեց «ադաբրյամսը»։ Մասնավորապես Կրեմլի թիվ մեկ «սոխակի»՝ Վ. Սոլովյովի հաղորդման տաղավարում անցած կիրակի պրոպագանդիստների հայտնի աստղաբույլը սգում էր հայաստանյան «չորս պրոռուսական քաղլիդերների» բանտարկությունը (տեսնես՝ չորրորդն ո՞վ է՝ Գագիկ Ծառուկյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից բացի։ Գուցե Անդրանիկ Թևանյա՞նը), միաժամանակ նրանց անվանելով «հանուն ՌԴ-ի հետ սերտ գործակցության» կողմնակիցներ։ Ընդ որում, այս ամենը Հայաստանի իշխանությունների հասցեին հերթական գաղջ՝ «ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից իշխանության բերված» որակման ֆոնին։ Պրոպագանդիստների տաք քննարկման համատեքստից պարզ դարձավ, որ ՌԴ-ի կռիվը ՀՀ-ի հետ ԹՐԻՓՓ նախագծի դեմ է։ Այն, ըստ Ս․ Բաղդասարովի, նույն Հորմուզի նեղուցն է, և Իրանը չպետք է թույլ տա դրա իրագործումը։ ՌԴ-ն էլ իր հերթին պետք է թույլ չտա ԹՐԻՓՓ-ն իրագործել։ ԹՐԻՓՓ համաձայնագրին, հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Համոզված ենք, որ եթե այս օրերին ակտուալ չլիներ նոր Սահմանադրության՝ ԱԺ դատին ներկայացնելու հարցը, ընդդիմությունը փողոց էր դուրս գալու ԹՐԻՓՓ-ն անվանարկող, խաղաղության համաձայնագիրը արժեզրկող օրակարգով ու «առանց ստորագրված խաղաղության փաստաթղթի չկա ԹՐԻՓՓ» լոզունգով։ Բայց այս փուլում քանի որ ակտուալ է «ալիևյան Սահմանադրության» թեման, ուստի պետք է դա օգտագործել՝ փորձելով գեներացնել հանրային դժգոհություն ու հիմք ստեղծել դժգոհությունն այլ օրակարգի ծառայեցնելու համար։ Իսկ այդ օրակարգը, ինչպես պարզ է դառնում, հենց ԹՐԻՓՓ-ն է։ Համաձայնեք՝ ավելի հեշտ է մարդկանց համոզել, որ Սահմանադրությունը գրվել է Ալիևի թելադրանքով ու Անկախության հռչակագրին հղումը հանելու պարտադրանքով, քան թե բացատրել դեռևս գոյություն չունեցող նախագծի իրավական մանրամասներն ու դրա շահառուների ու կոնկուրենտների շահերի բախումը։ ՌԴ-ն չի կարող բաց տեքստով հայտարարել, որ դեմ է ԹՐԻՓՓ-ին, բայց կարող է իր շահերից չբխող այդ նախագծին վնասել՝ ՀՀ ներսում այս պահին ակտուալ ու զգայուն օրակարգեր օգտագործելով։ Խնդիրն այս դեպքում իշխանության դեմ բողոքի ալիք բարձրացնելն է։ Ի վերջո, Սահմանադրության օրակարգը ավելի շատ մարդ կարող է հանել փողոց, օրակարգ, որը կարելի է կեսից համալրել ու փոխակերպել այլ՝ ՌԴ-ի համար հրատապ օրակարգի՝ ընդդեմ ԹՐԻՓՓ-ի ու «աներաշխավոր խաղաղության»։
Դառնալով ընդդիմության վերջին օրերի ակտիվությանը, փողոցային իրազեկման ակցիաներին՝ «ի պաշտպանություն անկախության ու ինքնիշխանության» լեգիտիմ հարց տանք՝ արդյոք անկախության, դրա պաշտպանության մասին խոսելու իրավունք ունե՞ն այն քաղաքական ուժերը, որոնք թելադրվում են «դրսի» կողմից, և որոնց գործողությունների օրակարգը, գաղտնի կամ կիսագաղտնի պլանը որոշում է նույն այդ «դուրսը»։ Հարցի պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է։
Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը մատնում է իր՝ հայաստանյան պրոռուսական «ֆավորիտներին»՝ կուսակցություններից սկսած մինչև փորձագետներ։ Հարկ է հիշեցնել, որ ռուս, հետն էլ ադրբեջանամետ պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոն այս ընթացքում հասցրել է ոչ միայն բացահայտել այդ՝ իրենց օգտին աշխատող փորձագետներին, այլև ընդհուպ կշտամբել նրանց։ Նա նախքան ԼՂՀ-ի նկատմամբ 2023 թ. սեպտեմբերյան ռուս-ադրբեջանական ագրեսիան, սոցցանցի իր էջում բողոքել էր. «Հետաքրքիր է, բայց մենք դեռ շարունակում ենք կերակրել քաղցած եղբայրական քրիստոնյա երկրի քաղաքագետների այս ամբողջ ոհմակին, տարբեր Հայկ Խալաթյանների, Արման Աբովյանների, բուրգերների…»։
Ինչպես ասում են, ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Պրոռուսական ընդդիմության և «ռուսիստ» էքսպերտների վիճակը նկատի ունենք։
Հ. Մ.
![]()