Մենք 34 տարվա անկախ պետություն ենք և դեռ նոր պիտի հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ. վարչապետ

Մենք 34 տարվա անկախ պետություն ենք և դեռ նոր պիտի հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ, այլ ընկերություն է: Տարբերությունն այն է, որ եթե դու ամուսնանում ես և ունես մեկից ավելի զուգընկեր, դու դավաճանում ես, իսկ եթե ունես մեկից ավելի ընկերներ, քո ընկերների շրջապատը լայնանում է՝ նշանակում է նորմալ մարդ ես:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցադրումներին, որոնք առնչվում էին վարչապետի վերջին միջազգային այցերին ԱՄՆ, Չինաստան և Ճապոնիա:

«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ մեզ միշտ թվացել է, որ ասել ենք՝ դե, ռազմավարական գործընկերությունը պսակվելու պես բան է, մի հոգու հետ պետք է լինի: Իրոք, այդպես է եղել, ինչքան էլ զվարճալի է հնչում, սա դառը իրականություն է: Բայց չենք հասկանում, որ դա գործընկերություն է, ընկերություն է, որ դա արտաքին քաղաքականություն է, և որ արտաքին հարաբերությունները հենց այն բանի համար են, որ ունենաս շատ գործընկերներ»,- ասաց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև քննարկումներին, որոնց համաձայն ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթերի փաթեթը հեռանկար չունի:

«Պետք չէ ապագայի մասին վիճել: Մենք անընդհատ խոսում ենք ապագայի մասին, բայց չենք արձանագրում, որ այսօր արդեն ապագայի մեջ ենք: Այդ դիսկուրսն անիմաստ է»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ