![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հաստատել է, որ իր թեկնածությունը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է, սակայն ինքը չի ընտրվել:
«Իմ թեկնածությունն առաջարկել էր գործընկերներիցս մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, որին ես համաձայնել էի, որովհետև, բնականաբար, կարծում էի, որ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել. եթե կան թեկնածուներ մեկից ավելի, բնականաբար մեկը պիտի ընտրվի, մյուսը չէ, և որևէ այլ խմորում չի եղել, հատկապես որևէ սպառնալիք ես չեմ հնչեցրել և չէի էլ կարող հնչեցնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Բաթոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ ինքը ցանկացել է դառնալ առողջապահության հանձնաժողովի նախագահ, սակայն թիմակիցները չեն ընտրել, և ինքը սպառնացել է կուսակիցներին:
Հարցին՝ վիրավորվա՞ծ է թիմից, Բաթոյանը բացասական պատասխան է տվել:
«Իհարկե ոչ, որովհետև եթե դու մասնակցում ես որևէ պրոցեսի, որտեղ ընտրության հնարավորություն կա, կա նաև չընտրվելու հնարավորություն։ Նեղվածությունը, նեղանալը քաղաքական կատեգորիաներ չեն»,- ասել է նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հանձնաժողովի նախագահ է դարձել բժշկական բարձրագույն կրթություն չունեցող թեկնածուն, որն աշխատել է որպես ավագ բուժքույր, Բաթոյանն ասել է.
«ՀՀ օրենսդրությամբ Ազգային ժողովի պատգամավորը կարող է լինել ցանկացած անձ, որը չունի բարձրագույն կրթություն։ Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Հունանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, հետևաբար Ազգային ժողովի պատգամավորները կարող են դառնալ հանձնաժողովի նախագահներ, հետևաբար այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում:
Ես իմ որոշ գործընկերների դիտարկումներին, թե հանձնաժողովի նախագահը խիստ մասնագիտական աշխատանք է, ես համաձայն չեմ: Թեև տիկին Հունանյանը ոլորտում աշխատել է, բայց ես չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահը և ընդհանրապես փոխնախագահը ինչ-որ խիստ մասնագիտական աշխատանքներ են։ Իհարկե, շատ լավ կլինի, որ մարդը ունենա որոշակի կառավարման փորձ։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ ես լավ թեկնածու էի, ադ պատճառով էլ համաձայնել էի»։
Բաթոյանը նաև նշել է, որ 44 ընտրողի պարագայում իրենց ձայների տարբերությունը 8 է եղել, նախապատվությունը տրվել է Հռիփսիմե Հունանյանին:
![]()