![]()
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկա են գտնվել ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 95 լրակազմ ունեցող նոր հաստատության բացման արարողությանը։
Ինչպես հայտնել են Արդարադատության նախարարությունից, Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է անազատության մեջ գտնվող անձանց համար նոր բժշկական հաստատության ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ նոր բժշկական հաստատության ստեղծումն Արդարադատության նախարարության ռազմավարական խնդրի լուծումն է, որը ծառացած էր դեռ 2019 թվականից։
![]()
Սրբուհի Գալյանը նշել է, որ այս բժշկական հաստատությունը նոր հնարավորություն է՝ նոր որակի բժշկական ծառայություններ մատուցելու անազատության մեջ գտնվող անձանց համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկու գերատեսչությունների` Առողջապահության և Արդարադատության նախարարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ազատազրկված քաղաքացիներին պատշաճ բուժծառայություններն արդեն հասանելի կլինեն հենց քրեակատարողական հիմնարկներում:
![]()
Հիմնարկում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսվում է կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:
Բացման միջոցառմանը ներկա են գտնվել նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ԱԺ պատգամավորներն ու Արմավիրի մարզի մարզպետը։
![]()