![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ անգամ ընդդիմադիրներն են արձանագրում, որ երբ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է լինում, քաղաքական դաշտում որևէ մեկը որևէ նոր բան չի ասում: Ըստ նրա՝ սա վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»-ը՝ իր ղեկավարով:
«Ինչպես շատ տնային տնտեսուհիներ, արձակուրդային շրջանում ընդդիմությունն էլ երևի զբաղված էր պահածոյացումով, տների բարեկարգմամբ կամ այլ մաքրության աշխատանք էին անում»,- ասում է նա:
Ըստ նրա՝ մինչ ՀՀ-ում ընդդիմադիրները ծաղրում ու ծանակում էին «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ԱՄՆ-ն ուշադրություն դարձրեց դրան և ասաց՝ եկեք օգնեմ. «ՔՊ-ն հայ հանրությանը նոր խաղի կանոններով առաջարկություն արեց»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի միջնորդությանը, Ստեփանյանը նկատում է. «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պարզ կապիտուլյացիա էր, ինչպես ձևակերպում էին ընդդիմադիրները, եթե վարչապետին ստիպել էին, որ այն ստորագրի, ուզում եմ հասկանալ՝ ընդդիմության խնդիրը էլ որն է. չէ՞ որ դուրս ենք գալիս դրանից»:
Իշխող ուժի անդամի նկատառմամբ՝ ընդդիմադիրները տատիների նման մեկ գլուխներին են խփում, մեկ ծնկներին. «Վայվուշների դարաշրջանն անցել է. ՀՀ-ում նոր իրողություններ են»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում, Ստեփանյանն ասում է. «Մի՞թե կարելի է մի ամբողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր մատաղ անել սեփական ընտանիքի բարեկեցության համար: Ցավում եմ, որ Դաշնակցությունը ազգային կուսակցությունից վերածվել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական տրյուկների, գաստրոլների մասովկայի»:
Ըստ Ստեփանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ամենաշատն են մարդիկ արտագաղթել երկրից. «Շատերն իրենց երեխաներին փախցնում էին, որ չծառայեին բանակում: Ովքեր էլ զորակոչվում էին, շատ լավ գիտենք, թե ինչպես են մասնակցել չինովնիկների տների շինարարական, գյուղատնտեսական աշխատանքներին: Ծնողները ճնշումների հետևանքով վախենում էին ձայն հանել: Սա ամենալավ գնահատականն է այդ տարիների բանակին ու Քոչարյանի ղեկավար լինելուն»:
Ստեփանյանը համոզված է, որ այժմ ոչ մեկը չի մտածում՝ տղա ունենալու դեպքում ինչ հիվանդություն հորինի, ինչպես այլ երկրի քաղաքացի դարձնի, որ երեխան չծառայի բանակում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()