Դատավորի օգնականի վերաբերյալ կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթը դատարանում է

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթը դատարանում է:

Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործով պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար 2025 թվականի մարտի 10-ին անձամբ պահանջել է 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հայցվորները չեն համաձայնել նշված չափով գումար տալու առաջարկին, ուստի քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է։

Դրանից հետո հայցվորները կրկին կապ են հաստատել դատավորի օգնականի հետ և համաձայնություն տվել ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու և նշված հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու համար գումար տալու առաջարկին։

Արդյունքում դատավորի օգնականը, հայցվորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 2025 թվականի ապրիլի 10-ին հանդիպել է վերջիններիս հետ և նրանցից ստացել 350 հազար ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց են կիրառվել 2 մլն ՀՀ դրամ գրավը, պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը, իսկ հայցվորներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ