«Գետամեջ» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խմբաքանակը՝ խանութներից հետ կանչվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ) իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ հետազոտությամբ պարզվել է, որ բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակը (արտադրված 23.08.2025 թ., պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային միության կանոնակարգով սահմանված պահանջներին, իսկ բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում (արտադրված 25.08.2025 թ., պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) եղել են անհամապատասխանություններ՝ ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Վերահսկիչի կողմից տնտեսավարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ