Երբ խաչը դառնում է շղարշ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն իր վերջին հարցազրույցներից մեկում բարձրաձայնել է մի միտք, որը միաժամանակ սուր է և ծանր՝ «Մինչև հայկական կուսակցությունների ստեղծումը Օսմանյան կայսրությունում հայերի ջարդեր չեն եղել»։

Այս խոսքի իմաստը ոչ թե պատմական փաստերի ժխտում է, այլ՝ հստակ ազդակ մտածելու՝ ինչու և ինչպես սկսվեց մեր ազգային թուլացումը, որն ի վերջո հանգեցրեց ազգային աղետի։

Աջապահյանը մատնանշում է, որ 19-րդ դարի վերջին ստեղծված հայկական կուսակցությունները՝ ի սկզբանե, իրենց հիմնական պայքարը տարան ոչ թե թուրք բռնապետության, այլ՝ հայ եկեղեցու դեմ և վերցրեցին ազգային իշխանությունը իրենց ձեռքը։ Նրանք եկեղեցին ներկայացրեցին որպես խավարամիտ, հնացած ու անօգուտ կառույց՝ մոռանալով, որ հենց եկեղեցին էր դարերով պահել հայության ինքնությունը, լեզուն, հավատը և մշակույթը։

Փոխանակ համախմբելու ազգը և ամրապնդելու ներսը՝ նրանք պառակտեցին այն։ Իսկ երբ սկսվեցին թուրքական հարձակումները, ժողովուրդը կանգնեց առանց հոգևոր առաջնորդության, առանց միավորված պաշտպանության՝ բախվելով ցեղասպանության իրական վտանգին։

Բայց ամենամեծ պարադոքսը՝ այսօր է։
Այսօր նույն այդ կուսակցությունների ժառանգները, մասնավորապես դաշնակցականները, որոնց գաղափարական «պապերը» պայքարում էին եկեղեցու իշխանության դեմ, հանկարծ սկսել են ներկայանալ որպես եկեղեցու, ավանդական արժեքների և հոգևոր ժառանգության ամենաակտիվ պաշտպանները։
Եվ այստեղ Աջապահյանի մատնանշած միտքը դառնում է պարզ. այս մարդիկ ժամանակին պայքարել են մի ինստիտուտի դեմ, որն այսօր փորձում են ներկայացնել իբրև սրբություն։
Սա ոչ թե արժեքների վերագնահատում է, այլ քաղաքական շահարկում։ Երբ պետք է՝ եկեղեցին հնություն է, խավար է, անցյալ է։ Երբ քաղաքական կշիռ է պետք՝ եկեղեցին դառնում է հոգևոր ամրոց, ավանդույթի խորհրդանիշ, ազգային արժեք։ Այս դիրքորոշումը ոչ միայն անկեղծ չէ, այլև վտանգավոր է։
Եկեղեցին կարելի է սիրել կամ չսիրել։ Քննադատել կամ պաշտպանել։ Բայց այն չի կարելի օգտագործել՝ ըստ քաղաքական շահի, ինչպես դա այսօր անում են որոշ ավանդական կուսակցություններ ու հատկապես դաշնակցականները։
Միքայել Աջապահյանի խոսքը ցավոտ, բայց օբյեկտիվություն պարունակող գնահատական է մեր նորագույն պատմությանը։ Այն հստակ ասում է՝ մենք մեր պատմական հայրենիքից զրկվել ենք ոչ միայն թուրքի սրի, այլ նաև մեր քաղաքական անմտության հետևանքով։

Եվ այսօր, երբ նախկին սխալների հեղինակները վերաձևակերպվել են «ավանդականության պահապանների», դա ոչ թե զղջում է, այլ կեղծիք՝ քողարկված հայրենասիրությամբ։
Սա պարզապես բարոյական անկեղծության բացակայություն չէ, սա վտանգավոր քաղաքական խաղ է, որտեղ եկեղեցին դարձել է գործիք, ոչ թե արժեք։ Եվ եթե ժամանակին այդ ուժերը քանդեցին եկեղեցու դերը՝ որպես ինքնության հենասյուն, ապա այսօր նույն ձեռքերով փորձում են կառուցել քաղաքական հեղինակություն՝ դրա փլատակների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ