![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի «հակատնտեսական մտքերին»:
«Արդեն տևական ժամանակ է նկատում եմ՝ Մեսրոպ Առաքելյանը տնտեսական վերլուծություններ է անում, սխալներ է փորձում գտնել իշխանության քայլերում։ Այն իշխանության, որի օրոք, ի դեպ, ինքը նախարարի պաշտոն է զբաղեցրել։ Բայց ինչևէ՝ մեր սխալն է։
Իրականում հարգում եմ, երբ լսում եմ մեր ընդդիմախոսներից մասնագիտական կարծիքներ, որոնք օբյեկտիվ են, բայց Մեսրոպը վաղուց արդեն ուղղակի գրում է, որ ասի՝ «Այստեղ եմ», չնայած, օրինակ, ընտրությունները ցույց են տվել, թե նրանք որտեղ են։
Բայց հիմա՝ ավելի մասնագիտական։
Մեսրոպ Առաքելյանն ասում է. «Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա՝ Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու»։ Եվ հետո փորձում է այս ասածը թվերով հիմնավորել՝ Վրաստանի օրինակից խոսելով։
Ախր, այ մաթեմ իմացող Մեսրոպ, ոչ մեկը չի ասում, որ մի տարում ու միանգամից Հայաստանը միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանալու, որ դու էլ դա ասում և հերքում ես։ Մենք ասում ենք, որ կա պոտենցիալ, և երբ արդեն Հայաստանը դառնա տրանզիտ երկիր, տարբեր բեռնափոխադրումներից կկարողանանք օգուտներ քաղել։
Ինչո՞ւ Միջին Ասիայի երկրները չես դիտարկել։ Թուրքիան, որն այս պահին փաստացի փակ է, չես դիտարկել։ ԵՄ-ն չես դիտարկել։ Այդ միլիարդավոր դոլարների տրամաբանության մեջ, օրինակ, ինչո՞ւ նաև չես դիտարկել, որ մեր արտադրող-արտահանողները կկարողանան տեղավորվել և իրենց համար նոր շուկաներ բացել։
Ինչպե՞ս է ստացվում, որ չես հաշվարկում, ասենք, 4 տարվա կտրվածքով պայմանական 1 մլրդ դոլարի հնարավոր օգուտ ստանալը տրանզիտից, և պարտադիր դա 1 տարվա համար ես հաշվարկում, որպեսզի քեզ լավ մաթեմատիկոս ու քաղաքական գործիչ զգաս։
Իսկ հաշվարկե՞լ ես, եթե Հայաստանը կարողանա այդ ամենի արդյունքում հենց ինքը ավելի մատչելի գազ կամ նավթ ներկրել, որքան օգուտ կարող է ստանալ։ Մի քանի թիվ են Վրաստանից վերցնում և իրենց դնում ամենագետի տեղ՝ ինչ է թե իշխանությանը հակառակ բան ասեն։ Հետո էլ գալիս են ընտրությունները և զարմանում, որ լուսանցքում են մնում։
Նույն Մեսրոպն որոշ ժամանակ առաջ գրել էր. «2021 թ․ ՔՊ խոստանում էր՝ մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ում կդառնա առնվազն 15%, իսկ այսօր այն 10% է»։ Այս մարդը վաղուց դուրս է եկել տնտեսագետի դերից և միայն քաղաքական անպատասխանատու հայտարարություններ է անում։
Բոլորը գիտեն, որ 2022 թվականից սկսած Հայաստանի տնտեսության կառուցվածքում էական փոփոխություններ են եղել։ Իրավիճակից ելնելով՝ էականորեն ակտիվացել է ծառայությունների ոլորտը, այդ թվում՝ ՏՏ-ն և ֆինանսական ու ապահովագրական ուղղությունը, շինարարությունը, մանրամեծածախ առևտուրը։
Հիմա, եթե նույն տրամաբանության մեջ ասեմ՝ տեղեկատվության և կապի ոլորտը 2021-ին 5 տոկոսից ցածր էր, իսկ հիմա 7 տոկոսից բարձր է ՀՆԱ-ի մեջ, արագ կարձագանքի, թե դա արտաքին գործոններով է պայմանավորված։ Այսինքն՝ մարդն ինչը ձեռնտու է, տեսնում է, ինչը ձեռնտու չէ՝ չի տեսնում։
Հա, նաև արդյունաբերության անկմանն է անդրադառնում Մեսրոպը՝ էլի չնկատելով, որ կոնկրետ մեկ արտաքին գործոն է ազդել դրա վրա։ Այսինքն, երբ նախորդ տարի էական աճ կար, այդ նույն ոսկու գործոնով պայմանավորված, մարդիկ շտապում էին աղաղակել, թե սա իշխանությունների հետ կապ չունի, արտաքին գործոն է, ժամանակավոր։ Հիմա, երբ այդ գործոնը չկա, իսկ մեր ավանդական ճյուղերը իրենց տեմպով շարունակում են ընթանալ, Մեսրոպը եկել և արդյունաբերության անկումից է խոսում։
Նույն Մեսրոպն, օրինակ, նաև կենսաթոշակների մասին էր գրել վերջերս, բայց չի նկատել, որ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված էր՝ 2026 թ․ նվազագույն կենսաթոշակը հասցնել պարենային զամբյուղի ամսական արժեքին։ Դեռ 2023 թվականին հնարավոր է եղել դա իրականացնել։
Հա, ի դեպ, տարեսկզբին հարկային եկամուտների 2024-ի թերակատարումից էիր խոսում։ Այս տարի լուռ ես, երկնիշ աճի տեմպը սրտովդ չի՞»,- գրել է Մանավազյանը:
![]()