Իրանը փաստացի ապահովել է Հայաստանի համար անվտանգային ու քաղաքական կարևոր բուֆերային դեր. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարարի վաշինգոտնյան հռչակագրի հետ կապված հայտարարություններին:

«Հայաստանի համար այս փաստն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի պատերազմից ի վեր Իրանը հանդես է եկել զգուշավոր, բայց սկզբունքային քաղաքականությամբ։ Պատերազմի օրերին, չնայած Երևանը անգամ դիմեց զենքի մատակարարման խնդրանքով, Թեհրանը մերժեց, սակայն դա չնվազեցրեց նրա ռազմավարական դերը։

2021 թվականին, երբ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան Սյունիքի ուղղությամբ սպառնալիքներ էին հղում, Իրանի կոշտ և հրապարակային դիրքորոշումը՝ Սյունիքի սահմանների անքակտելիության օգտին, կանխեց իրավիճակի սրումը։ 2022 թվականին, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի սահմանային հատվածներում Ադրբեջանի զինված հարձակումների պայմաններում, Իրանի դիրքորոշումը դարձյալ եղել է զսպող և կանխարգելիչ։

2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը փորձեցին համատեղ հայտարարությամբ հարվածել նախաձեռնությանը և Հայաստանի միջազգային աջակցությունը կտրուկ նվազեցնել, սակայն Իրանը հանդես եկավ չափավոր և հավասարակշռված առանձին հայտարարությամբ, որի արդյունքում մյուս երկրների հնարավոր միասնական ճնշումը չկայացավ։

Այս ամբողջ ժամանակահատվածում Իրանը փաստացի ապահովել է Հայաստանի համար անվտանգային ու քաղաքական կարևոր բուֆերային դեր։

Սա քաղաքական և դիվանագիտական հստակ հաղթանակ է, որն ապահովում է, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանի անվտանգության ու տարածաշրջանային հավասարակշռության հարցում գոյություն ունի փոխադարձ հստակեցված և հաստատված դիրքորոշում՝ Հայաստանի ինքնիշխանության լիարժեք պահպանմամբ»,- գրել է նա:

Բաբաջանյանը նաև տեսապատճեն է հրապարակել:

531995125_24997104809891981_4386108998786111415_n.jpg (228 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ